Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ուղարկվել են ԵԱՀԿ, գոյություն չունի: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանում են արդյոք վերջերս մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե բանակցությունների սեղանին է դրված այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթը կամ առաջարկը»:
«Դե, Լավրովի կամ ուրիշ մեկի որեւէ փաստաթուղթ դեռեւս գոյություն չունի: Կան մի շարք փաստաթղթեր, դրանք մոտ հինգն են, իմ կարծիքով, չորս, հինգ, գուցե` վեց: Այժմ չեմ հիշում, որոնք համանախագահները պատրաստել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր փուլերում, երբ խոսքն այն մասին էր, որ, որպես առաջին քայլ, նախապատրաստվեն հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, իսկ հետո այդ սկզբունքների հիման վրա նախապատրաստվի խաղաղ համաձայնագիրը, որն արդեն կունենար իրավաբանական պարտավորեցնող բնույթ, ոչ թե քաղաքական: Ահա, այդ փաստաթղթի տարբերակները, այն փոփոխվել է 2007-ից ի վեր, 2010-ին, 2011-ին, այդ փաստաթղթի տարբերակները համանախագահների կողմից ուղարկվել են Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գլխավոր քարտուղարին, եւ որպես պաշտոնապես ուղարկված փաստաթղթեր, այդ կազմակերպության սեյֆերում են», -նշել է Լավրովը:
Նրա խոսքով, դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է փաստաթղթեր կոչել` հաշվի առնելով, որ պաշտոնապես գոյություն ունեցող այդ փաստաթղթերից ոչ մեկը դեռեւս Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր բաղադրիչների գործնական լուծման չի հանգեցրել, իսկ աշխատանքները տարվում են հետեւյալ սկզբունքով. ոչինչ համաձայնեցված չէ, մինչեւ ամեն ինչ համաձայնեցվի:
«Ռուսական կողմը, ինչպես գիտեք, սկսած դեռեւս 2010 թվականից, երբ նախագահը Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւն էր, ջանք էր գործադրում հանգուցալուծումներ գտնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք առայժմ կողմերի համաձայնության առարկա չեն: Եվ դա օգնել է ինչ-որ առումներով առաջընթաց գրանցել, հետո բավականին երկարատեւ դադար է եղել այն բանից հետո, երբ 2011-ի հունիսին Կազանի գագաթնաժողովում, չնայած ակնկալիքներին, չհաջողվեց համաձայնության գալ փաստաթղթի հիմնական սկզբունքների շուրջ:
Իսկ երբ նախագահ Պուտինը հերթական անգամ ընտրվեց այդ պաշտոնում, հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ երեք նախագահների հանձնարարությամբ մենք ջանացինք վերսկսել հանգուցալուծման փնտրտուքի ուղղությամբ ջանքերը: Այժմ նման հանգուցալուծումներ են փնտրվում գաղափարների, բարձրաձայն մտորումների մակարդակում: Ես մի քանի հանդիպում եմ ունեցել Հայաստանից իմ գործընկերոջ, Ադրբեջանից իմ գործընկերոջ հետ, մենք այդ ամենը քննարկում ենք ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից համանախագահների հետ: Ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որոնք ուղարկվել են ԵԱՀԿ, գոյություն չունի: Մնացած ամեն ինչ, ինչպես արդեն ասացի, փնտրտուք է, ուղեղային գրոհ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:



























