Կոալիցիոն քաղաքականության նպատակը առաջին հերթին կառավարման արդյունավետությունն է, եթե այս հարցը գոյություն չունի, կոալիցիա կոչվածը ֆորմալ բնույթ է կրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով պատգամավոր էր իշխանության հետ ԲՀԿ-ի կոալիցիոն կառավարման  փուլում։

«Կոալիցիոն քաղաքականությունն առաջին հերթին արդյունավետության հարցն է, նպատակը, եթե նման բան գոյություն չունի, ուրեմն էդ կոալիցիա կոչեցյալը ֆորմալ բնույթ է կրում։ Բոլոր դեպքերում մեզ մոտ տարիների զարգացումները, ըստ էության, ցույց են տվել, որ գոյություն ունի կառավարման այնպիսի սկզբունք, որտեղ մեծամասնությունը ունի որոշիչ դեր։ Մեր խորհրդարանում 4-5 քաղաքական ուժ կարող է դեմ լինեն բյուջեին, բայց այն համարվի ընդունված, հիմա, այսինքն այսպիսի կայուն մեծամասնության առկայության դեպքում կոալիցիոն մոտեցումը  գրեթե ոչինչ չասող մի բան է»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Նշենք, որ ՀՅԴ-ն ընդունել է իշխանության հետ կոալիցիա կազմելու առաջարկը, իսկ ԲՀԿ-ին դեռեւս նման առաջարկ չի արվել։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարում է, որ իրենք իշխանությանն արդեն քաղաքական աջակցություն  ցուցաբերել են՝ բյուջեին եւ նոր Սահմանադրությանը  կողմ քվեարկելով եւ եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի, որի կազմում  հնարավոր կլինի իրագործել ծրագրերը, դեմ չեն լինի։