Արարատի մարզի Գոռավան գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 8 տանը հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամբողջությամբ փլուզված տան 5 բնակիչները գարնանը տուն կունենան: NEWS.am-ի հետ զրույցում Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկյանը նշեց, որ Արարատի մարզպետարանի, գյուղապետարանի եւ բարերարների աջակցությամբ հնարավոր է եղել գնել քար, որով գարնանը կկառուցվի Պետրոսյանների տունը:
«Քանի որ հիմա ցուրտ ա, չենք կարողանում սկսել շինարարությունը, բայց մի քիչ տաքերն ընկնեն, կսկսենք: Փլուզված տան կողքին կա կիսակառույց, քար ենք առել, որ մի քանի սենյականոց տուն կառուցենք, ապրեն մեջը: Էս պահին ընտանիքը մնում է բարեկամի տանը, ինչով կարողանում օգնում ենք»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պողոսյանների ընտանիքը տան փլուզման օրը տանը չի գիշերել: Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Պողոսյանը, դեպքի օրը եղել է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի, իսկ մյուս անդամները մայրը՝ Մելանյա Ղազարյանը, անչափահասներ Սերգեյ, Հրայր եւ Սոնա Պողոսյանները այդ օրը գիշերել են Մելանյայի հայրական տանը:
Տան փլուզման պատճառը, նախնական վարկածով, գազի պայթյունն է եղել:



























