Նոր Ընտրական օրենսգրքի շրջանակում քննարկվող էլեկտրոնային քվեարկության էությունն այն է, որ  գրիչը փոխարինվում է էկրանի վրա կատարվող քվեարկությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ 

«Քվեարկողը  մատով սեղմում է կոնկրետ կուսակցության վրա, որից հետո պտտվում է էջը , էդ ընտրատարածքում կուսակցության թեկնածուների անուններն են բերվում, եթե ուզում է որեւէ թեկնածուի օգտին քվեարկի, սեղմում է նաեւ դրա վրա եւ «տպել» կոճակը, որի արդյունքում քվեաթերթիկը դուրս է գալիս  կոնկրետ կուսակցության, կոնկրետ անձի դիմաց քվեարկությամբ»,-ասաց նա:

Մինասյանը պարզաբանեց, թե այսկերպ ընտրողի դեմքը ֆիքսվում է, ինչի դեպքում բազմակի քվեարկությունը հեշտությամբ բացահայտվում է։ Քանի որ սա դեռ քննարկման փուլում է, նա նշեց, որ դեռեւս հայտնի չէ՝ հետո ինչպես են մեկ առ մեկ ստուգելու քվեարկած անձանց դեմքերը։

Հարցին, թե հնարավո՞ր է էլեկտրոնային քվեարկության առաջարկին ընդառաջ գնալով՝  փակեն քաղաքացիական հատվածի, ընդդիմության հիմնական պահանջի՝ քվեարկված ցուցակների հրապարակայնացման թեման, դաշնակցական պատգամավորը պատասխանեց․ «Իսկ ով ասաց, որ քվեարկված ցուցակների հրապարակումը ամենակարեւորն է։ Ովքեր էսօր պնդում են, որ ցուցակները հրապարակվեն, համոզվա՞ծ եք, որ վաղն ասելու են՝ բռավո, որ ցուցակները հրապարակվեցին ու ասեն՝ այլես բացառվում է ընտրակեղծիքը։ Կյանքը ցույց է տվել, որ եթե մարդիկ իրենց նախկինում առաջ քաշած մոտեցումներից հրաժարվում են, նույնը կարող է վաղը լինել։ Համակարգի էությունը դեռեւս նկարագրված չէ, բաժակ նայելու մոտեցումով թող առաջնորդվեն, փաստաթղթի լինելու դեպքում միայն կարելի է մանրամասն քննարկել»։

ՀՅԴ ներկայացուցիչը պնդեց, թե  քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակայնացումը իրենք էլ են անհրաժեշտություն  համարում, եւ եթե դա չլինի, պետք է դրան համարժեք քայլ ձեռնարկվի։

«Ով ասաց, որ չենք պնդում, որ քվեարկված  ցուցակները հրապարակվեն։  Մեզ համար խնդիր է, որպեսզի  ընտրությունների օրը մասնակցեն նրանք, ովքեր մասնակցում են, ոչ թե  նրանց փոխարեն այլ մարդիկ քվեարկեն։ Ցուցակների հրապարակումը ձեւերից մեկն է,  բայց չի կարող ամբողջական լուծել հարցը, կարող է առաջացնել մեծ անվստահություն, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն, մենք դրան զուգահեռ պետք է այլ բաներ էլ պահանջենք»,-ընդգծեց պատգամավորը: