Հիվանդին սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող ակնաբույժ Աննա Գասպարյանի գործով դատարանում հարցաքննվել է  Երեւան քաղաքի գլխավոր ակնաբույժ Արտաշես  Զիլֆյանը, որն ասել է, որ ինքը ներգրավված չի եղել անցկացված կրկնակի փորձաքննությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկուհու պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Կրկնակի փորձաքննության արդյունքներով ակնաբույժ Աննա Գասպարյանն հիվանդին սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով նրա աչքը այտուցվել  եւ շլացել է:

Փաստաբանի խոսքով,  փորձաքննությանը պետք է ներգրավված լիներ գլխավոր ակնաբույժը եւ սխալ է, երբ նեղ մասնագիտացված բժշկի եզրակացություն չկա եւ առանց նրա ներգրավվման է տրվել փորձաքննության եզրակացությունը:

«Զիլֆյանը փորձաքննությանը պետք է մասնակցած լիներ, բայց դատարանում ասաց, որ ներգրավված չի եղել, չի մասնակցել փորձաքննությանը: Հիմա, եթե նեղ մասնագետը չի մասնակցել եւ ընդամենը դատական բժիշկն է տվել  մի եզրակացություն, ըստ որի հաստատվել է, որ տուժողի մոտ առողջական խնդիրներն առաջացել են սխալ ներարկման պատճառով, չի կարելի հիմք ընդունել, քանի որ նեղ մասնագիտացված բժշկի եզրակացություն չկա»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հիվանդին սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող ակնաբույժ Աննա Գասպարյանի գործով դատարանում հարցաքննվել է նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, որն ասել է, որ բշկուհին մեղավոր չէ հիվանդի աչքի շլացման համար:

Նշենք, որ տուժող Աննա Կնյազյանը պնդում է, որ ակնաբույժ Աննա Գասպարյանն իրեն սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով իր աչքը այտուցվել է եւ շլացել։ Կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժողի մոտ առողջական խնդիրներն առաջացել են սխալ ներարկման պատճառով։ Ամբաստանյալը, սակայն, պնդում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ։

Ըստ մեղադրական եզրակացության`Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար: Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է երեք ամսվա ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի 100–200–ապատիկի չափով տուգանքով: