Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփել է ուսումնական անցած տարին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որին նախորդել էր կոլեգիայի նիստը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը արձանագրեց, որ 2015 թ. Հայաստանի ԶՈւ համար եղել է ձեռքբերումների ու դիրքերի ամրապնդման տարի:

Նախարարը նշեց, որ աշխատանքներն իրականացվել են շատ լարված իրավիճակում՝ դիվերսիաներ, հակառակորդի կողմից հրաձգություն, ընդ որում ադրբեջանական կողմը տրամաչափն առավելագույնին էր հասցրել, օգտագործվել են ականանետներ, նռնականետներ, ԶՀՀ ու նույնիսկ զրահամեքենաներ:

«Հակառակորդին հաջողվել է զսպել ոչ միայն մարտական ընդհարումներում, այլեւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ՝ սահմաններին ապահովելով խաղաղություն»,- շեշտեց Օհանյանը:

Կարեւորագույն ուղղությունների շարքում նա նշեց մարտական առաջադրանքների կատարումը, մարտունակության բարձրացումը, գործընկեր երկրների հետ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, տեխնիկայի ու սպառազինման կատարելագործումը: Ընդ որում օտարերկրյա արտադրության սպառազինում ձեռք բերելուց բացի զարգանում է նաեւ հայրենական պաշտպանական արդյունաբերությունը:

Նախարարը նշեց ՀԱՊԿ շրջանակներում եւ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հարաբերությունների հաջող զարգացումը, Ռուսաստանի ու ԱՄՆ –ի, այլ երկրների հետ երկկողմանի հարաբերությունները, Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, մի շարք զորավարժությունների՝ , մասնավորապես «Շանթ» խոշոր զորավարժությունների անցկացումը: Նաեւ իրականացվել են աշխատանքներ՝ պաշտպանական ռազմավարության վերանայման ուղղությամբ, որոնց արդյունքների հիման վրա էլ կազմվել է 2016-20 թթ. զարգացման ծրագիրը:

2016 թ. հրամանատարների նախապատրաստման տարի է հայտարարվել, որի նպատակն է բարձրացնել հրամանատարային կազմի ու դրա արդյունքում՝ նաեւ ընդհանուր ԶՈւ պատրաստվածությունը: