Ցանկացած հակամարտության, նույնիսկ վեճի լուծման համար անհրաժեշտ են խաղաղ կարգավորման պայմաններ: Այս մասին հունվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորագույն պայմանը վստահության մեխանիզմների ստեղծումն է առաջին գծում, այսինքն անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, զերծ մնալ դիվերսիաներից ու ամենակարեւորը՝ ստեղծել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ, թույլ տալով պարզել, թե ով է եղել խախտողը:

Նախարարը հիշեցրեց, որ հայկական կողմը միշտ կողմ է եղել նմանատիպ մեխանիզմներին: Իսկ ադրբեջանական կողմը դիմադրել է դրանց ստեղծմանը: «Շատ դեպքերում մենք միակողմանի միջոցառումներ ենք անցկացրել, զերծ ենք մնացել պատասխան կրակից, հետաքննություն անցկացրել, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացրել փաստաթղթեր ու ապացույցներ: Հույս ունենք, որ մի օր հակառակորդը նույնպես կհասկանա, որ առանց դրա կարգավորում ապահովելը բարդ է»,- նշեց նախարարը: