ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը, համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, եղել է եւ լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որեւէ բանաձեւում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ընդունած բանաձեւը։
«Դրական ենք գնահատում ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ մերժել զեկուցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ակնհայտ միակողմանի եւ քարոզչական բնույթ կրող բանաձեւի նախագիծը։ Սա վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ, որոնք հասկանում են պահի պատասխանատվությունն ու լրջությունը։
Տուրք չտալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարելու ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը՝ ԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս եւ պետք է դիտարկվեն կողմերի միջեւ փոխադարձաբար համաձայնեցված եւ միջազգային մանդատով օժտված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Միեւնույն ժամանակ ցավում ենք, որ ԵԽԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված Սարսանգի ջրամբարի բանաձեւի հարցում։ Կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի եղել է եւ լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որեւէ բանաձեւում»,-նշել է Ալեքսանյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ այսօրվա նիստի ընթացքում մերժվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձեւի նախագիծը եւ ընդունվել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւը։




























