ՀՀ ԶՈւ-ն բարձր մակարդակով է կատարում սահմանների պաշտպանության խնդիրը։ Այս մասին հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Պատասխանելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ՀԱՊԿ ոչ բավարար արձագանքի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ երկրներն իրենք պետք է օգտագործեն իրենց ուժերը սահմանների պաշտպանության համար։
«Առաջին հերթին պետք է արձագանքի հայկական բանակը, իսկ դա արվում է բարձր մակարդակով»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իրավիճակին գնահատական է տվել։
Ի պատասխան Նիկոլայ Բորդյուժայի՝ Երեւան այցի մասին հարցին՝ նախարարն ասել է, որ սկսված այցի շրջանակներում հանդիպումներ են պլանավորվում ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Հունվարի 28-ին Բորդյուժան կմասնակցի ՀՀ ԶՈւ կազմավորման 24-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներին։



























