Բաղդադում հունվարի 26-ին մեկնարկեց հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։ Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծեցին վերջին տարիներին Հայաստանի եւ Իրաքի միջեւ բազմաթիվ բնագավառներում եւ հատկապես առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը եւ ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկեցին համագործակցության խորացման եւ նոր ուղիների որոնման հարցեր։

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ եւ նրան փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշեց, որ Հայաստանի եւ Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միեւնույն միջավայրում, եւ ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը եւ նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Ընդգծվեց երկու երկրների միջեւ օդային ուղիղ կապ ունենալու եւ դրան զուգահեռ նաեւ ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացնելու կարեւորությունը, ինչպես նաեւ գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Նախագահ Մասումը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց ՀՀ նախագահին եւ հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվեց հայության ներկայությունը Իրաքում եւ նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշեց, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար։

Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ հունվարի 27-ին: