Շիրակի մարզի Ախուրյան գյուղում բնակվող Սիմոնյանների 5 դուստրերից մեկը՝ 7-ամյա Անժելան, փետրվարի 1-ից սպորտային կոշիկով դպրոց կգնա: Սիմոնյանները, որ դեռ չեն մարել երեխաների դպրոցական համազգեստի համար պարտքով վերցրած գումարը, ձմեռային հագուստ ու կոշիկ գնելու գումար չեն կարողացել հայթայթել:
«Հարեւանները օգնում են, երեխեքին շոր ու կոշիկ են տալիս, բայց էս անգամ չեղավ, աղջիկս ստիպված պիտի բոթասներով գնա: Նասկի, ռետուզ կհագցնեմ, բոթասով կուղարկեմ: Ահավոր ձյուն է, բայց ինչ արած»,- NEWS.am-ին ասաց ընտանիքի մայրը՝ Աշխեն Սիմոնյանը:
Սիմոնյանները 5 դուստր ու մեկ որդի ունեն՝ ամենամեծը՝ 11, ամենակրտսերը՝ 1 տարեկան: Բազմազավակ ընտանիքը ապրում է նպաստով ու անասնապահությամբ զբաղվող՝ ընտանիքի հոր 30 հազար դրամ աշխատավարձով:
«Կոմունալ վճարումները կկատարեմ, կմնա մի մեշոկ ալյուրի փող: Պարտքով յոլա ենք գնում, խանութ կա, էդ խանութին 400 հազար պարտք ենք: Ուտելիք ենք վերցնում, հետո կամաց-կամաց տալիս ենք: 2 տարի առաջ էլ լվացքի մեքենա ու սառնարան ենք ապառիկով վերցրել, բայց հինգ ամիս ա ՝ մուծում չենք արել, փետրվարին գալու են՝ տանեն»,- ասաց Աշխենը:
Սիմոնյանները երկսենյականոց տանն են ապրում: Ձմռանը միայն մեկ սենյակը տաքացնելու հնարավորություն է լինում:
«Ամառը գնում, աթար ենք չորացնում, որ հիմա կարանանք տունը տաքացնենք: Մի սենյակը տաքացնում ենք, որ հերիքի, մյուս սենյակում էլ քնում ենք: Էդ մի սենյակում հաց ենք սարքում, ուտում, լողանում, մի ձեւ ապրում ենք: Երկու կառավաթ ունենք, երեխեքը երկու-երկու իրար ծոց են քնում»,- պատմեց 32-ամյա Աշխենը՝ նշելով, որ ձմռան ավարտին մեկ ամսից ավելի կա, բայց իրենց վառելիքը շուտով կսպառվի:
Սիմոնյաններին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 093571769 հեռախոսահամարով:




























