Քաղցրաշեն գյուղի 450 խաղողագործներ փետրվարի 1-ին կստանան մի քանի ամիս առաջ «Շահումյանի գինու-կոնյակի» գործարան հանձնած խաղողի բերքի գումարը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Հրանտ Մելքոնյանը:
«Դեկտեմբերին կառավարություն գնացինք, էլի ոչինչ չփոխվեց, Նոր տարին մի կերպ արեցինք: Հիմա էլ գործարանից իբր խոստացել են, որ փետրվարի 1-ին կփոխանցեն մեր գումարները, տեսնենք կկատարեն իրենց խոստումը, թե ոչ: Խաղողը 45-70 դրամով ենք հանձնել ու կոնկրետ ինէ 1.5 միլիոն դրամ պետք է տան, մյուսներին էլ էլի նույն չափով»,-ասաց խաղողագործը:
Ավելի վաղ գյուղացիները մեզ հետ զրույցում նշել էին, որ «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո), սակայն պատգամավորը մեզ հետ զրույցում նշել էր, որ Քաղցրաշենի բերքի վերամշակման գործարանի հետ ինքը որեւէ առնչություն չունի եւ քաղցրաշենցի խաղողագործների գումարը չի վերադարձրել գործարանը վարձակալած Ավետիք Սարգսյանը:
NEWS.am-ի հետ զրույցում «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանից հայտնել էին, որ գործարանի տարածքն իսկապես պատկանում է Կարո Կարապետյանին, սակայն այն վարձակալել է Ավետիք Սարգսյանը, որն էլ գյուղացիներից խաղող է մթերել:
Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մի քանի տասնյակ խաղողագործներ դեկտեմբերի 22-ին Կառավարության մոտ էին հավաքվել եւ պահանջում էին մի քանի ամիս առաջ հանձնած իրենց խաղողի բերքի գումարը, ապա ընդունարանում հանդիպում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ:




























