Հունաստանի պատմության մեջ առաջին նույնասեռական միությունն է կնքվել: Հայտնի է, որ ամուսնացել են երկու տղամարդ՝ մասնագիտությամբ բժիշկ եւ մանկավարժ:
Քաղաքացիական ամուսնության մասին փաստաթուղթը ստորագրել է Աթենքի քաղաքապետ Գեորգի Կամինիսը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով հունական The ToC պարբերականը:
Քաղաքապետը զույգին հաջողություն է մաղթել, իսկ լրագրողներին ասել է, որ այս օրը կմտնի պատմության մեջ. մի կողմից՝ այն կարեւոր է Հունաստանում քաղաքացիական իրավունքների ամրապնդման համար, մյուս կողմից՝ «երկիրը մոտեցնում է ամբողջ աշխարհում ընդունված նորմերին»:
Հունաստանի խորհրդարանը նույնասեռականների միության օրինականացման մասին օրենքն ընդունել է 2015 թվականի դեկտեմբերի 22-ին: Օրինագծին «կողմ» է քվեարկել 94 պատգամավոր, «դեմ»՝ 55-ը: Այսպիսով, Հունաստանը դարձել է եվրոպական 26-րդ երկիրը, որն օրինականացրել է նույնասեռական ամուսնությունները:




























