Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 25-ամյա բնակիչ Վրեժ Օհանյանը, որը հունվարի 14-ից որոնվում է որպես անհետ կորած, վերջերս է նշանադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Վրեժի հարսնացուն նույնպես տեղեկություն չունի նրա գտնվելու մասին: 

Գյուղապետի խոսքով՝ անհետ կորածի ընտանիքի հետ զրույցից պարզ է դարձել, որ տնից դուրս գալու օրը Վրեժը բարձր տրամադրություն է ունեցել, եւ, առհասարակ, էական խնդիրներ չի ունեցել:

«Ընտանիքի հետ ենք խոսել ես էլ, ոստիկաններն էլ, նույնիսկ հարցրել եմ՝ կարո՞ղ ա էդ օրը մի բաժակ բան ա խմել, նոր ա տնից դուրս եկել, ասում են՝ չէ, շատ հանգիստ ու ուրախ ա եղել, հաց ա կերել, դուրս ա եկել, ու մինչեւ հիմա հետքը չկա, բայց մեկնելու մտադրություն չի ունեցել հաստատ»,-ասաց գյուղապետը:

Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Վրեժ Օհանյանը պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, աշխատում է որպես զոդող, եւ ամիսներ առաջ էր վերադարձել Հայաստան:  

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։

Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատև բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատև բացակայել բնակավայրից։

Նկատի ունենալով, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա դարձել է հանցագործության զոհ՝ 2016թ. հունվարի 25-ին Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։