ԵԽԽՎ-ում հունվարի 26-ին քվեարկության է դրվել երկու հակահայկական զեկույցներ, որոնցից մեկն ընդունվել է, մյուսը՝ մերժվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է իրենց կատարած աշխատանքը:
Տիկին Զոհրաբյան, քվեարկությունից հակասական կարծիքներ եղան. հասարակության մի մասը հակահայկական զեկույցների քվեարկությունը որակում է հաղթանակ, մյուսները՝ պարտություն:
Ես ձեռնպահ կմնամ հաղթանակ, պարտություն բառերը շրջանառության մեջ դնելուց: Մենք արել ենք մեր աշխատանքը: Մենք կարողացել ենք տապալել Ադրբեջանի եւ նրանց պաշտպանող երկրների համար կենսական նշանակության ունեցող նախագիծը, որն ամբողջությամբ քաղաքական խայտառակություն էր: Նայեք այն խայտառակ հրապարակումները, որոնք հնչեցնում է ադրբեջանական մամուլն իրենց պատվիրակությանը, ղեկավարներին, արտաքին գործերի նախարարությանը: Եթե մեր մամուլն ավելի կաթոլիկ է, քան ադրբեջանական մամուլը, որն այսօրվա քվեարկությունը համարում է ադրբեջանցիների պարտությունը, որտեղ գրված է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայիս ղեկավարին չհաջողվեց անել այն, ինչ հաջողվեց 2005թ. այն ժամանակվա պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւին, եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Հիշեցնենք, որ տապալվեց այնպիսի վտանգավոր նախագիծ, որի վրա Ադրբեջանը հսկակայան ռեսուրսներ էր ծախսել: Սակայն մեզ դեռեւս շատ լուրջ աշխատանք է սպասվում: Իհարկե, վատ է, որ ընդունվեց Մարկովիչի զեկույցը, որն իր շեշտադրումներով անհամեմատելի է Ուոլթերի զեկույցի հետ:
Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկեր պատգամավորները, որոնք պաշտպանում էին մեզ, հասկացան, որ կողմ քվեարկելով իրենք կարող են իսկապես շատ վտանգավոր գործընթացների մի շղթա բացել: Մենք դեռեւս շատ լուրջ աշխատանք ունենք կատարելու, հատկապես ռազմավարությունը մշակելու: Պետք չէ ուժերը մոբիլիզացնել, երբ մենք կանգնում ենք պայմանականորեն ասված «լինել-չլինելու» խնդրի առջեւ, այլ պետք է կարողանանք ճիշտ ստեղծել մեր աշխատանքային քարտեզը:
Այնուամենայնիվ, մենք շատ լուրջ աշխատանք ենք կատարել եւ պետք է գնահատել մարդկանց կատարած աշխատանքը:
Նշանակում է՝ գո՞հ եք պատվիրակության եւ ՀՀ խորհրդարանի մյուս պատգամավորների կատարած աշխատանքից:
Անկախ արդյունքներից՝ պատվիրակության, բոլոր պատգամավորների, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների, Եվրոպական Միության երկրներում մեր դեսպանությունների կատարած աշխատանքը շատ բարձր եմ գնահատում: Բոլորն իրենց առջեւ մեկ խնդիր էին դրել՝ անել հնարավորը, նույնիսկ անհնարինը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
Տիկին Զոհրաբյան, Սարսանգի ջրամբարի մասին զեկույցն ընդունվեց փոփոխություններով: Նախագծի ընդունումն ինչքանո՞վ է վտանգավոր մեզ համար:
Պիտի հասկանանք, որ ԵԽԽՎ բանաձեւերը խորհրդատվական են: Ուոլթերի բանաձեւը վտանգավոր էր այնքանով, որ ինքը պատրաստվել էր քաղաքական հանձնաժողովի կողմից եւ եթե ընդունվեր, Ադրբեջանը սարքելու էր քարոզչական խաղաքարտ եւ անգամ փորձելու էր այն օգտագործել որպես խաղաքարտ կարգավորման հարցում: Սոցիալական հանձնաժողովի պատրաստած զեկույցն ունի բազմաթիվ վտանգավոր ձեւակերպումներ: Սակայն զեկույցը վերջնական տեսքով վերլուծելու եւ առաջիկա անելիքները որոշելու ժամանակ կունենանք:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։




























