ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հակահայկական երկու զեկույցների քվեարկությունից հետո մոտեցել է Թուրքիայի պատիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանին եւ իր կարծիքը հայտնել նրա քվեարկության վերաբերյալ։

«Մարգար Եսայանին ասացի, ինչ որ պետք է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ չի ցանկանում այլ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի նախագիծը  ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը։ Առաջին զեկույցը հաջողվեց տապալել, երկրորդը՝ ոչ։ Մարգար Եսայանը կողմ էր քվեարկել հակահայկական բանաձեւերին։