Բրիտանական Thomas Cook տուրօպերատորը հայտարարել է մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 31-ը դեպի Թունիս ուղեգրերի վաճառքը դադարեցնելու մասին: Հաղորդագրությունում ասվում է, որ նման որոշում է կայացվել այդ երկրում անվտանգության հետ կապված Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խորհրդից հետո:

Հաճախորդները, որոնք կցանկանան ամռան համար Թունիսի փոխարեն մեկ այլ երկիր մեկնելու ուղեգիր ամրագրել, դա կարող են անել անվճար: Լրացուցիչ գումարի կարիք կլինի միայն այն դեպքում, եթե նոր ուղեգիրն ավելի թանկ լինի: Բացի այդ, այն ճանապարհորդները, որոնք կցանկանան մեկնել Կանարյան կղզիներ կամ Թուրքիա, 50 ֆունտի վաուչեր կստանան:

TornosNews-ի փոխանցմամբ, ավելի վաղ Թունիսի հետ դադարեցրել էր աշխատանքը նաեւ Thomson տուրօպերատորը (մինչեւ ամառ), հաղորդում է Lenta-ն:

Thomas Cook Group-ն առաջին եւ ամենախոշոր տուրիստական ընկերությունն է ողջ աշխարհում: