Չիլիում նախկին բռնապետ Աուգուստո Փինոչեթի (1915-2006)  ռեժիմի զոհերի հարազատները 1 մլրդ չիլիական պեսոյի չափով (1.39 մլն դոլար) փոխհատուցում կստանան։ Նման որոշում է կայացրել է երկրի Գերագույն դատարանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պաշտոնյաների կամ պետական ծառայողների պատճառած բարոյական վնասը պետք է հատուցի պետությունը»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Փոխհատուցում կստանան 4 ընդդիմադիր գործիչների ընտանիքները, որոնց առեւանգել էին եւ սպանել։

Նշենք, որ Չիլիում 1973-1990թթ. բռնապետության տարիներին քաղաքական դրդապատճառներով սպանվել կամ անհետ կորել է 3225 մարդ, եւս 37 հազարը խոշտանգումների են ենթարկվել։