«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կազմած 21-րդ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը 168 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ տեղը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«2013թ. սկսած Հայաստանում ոչ առաջընթաց, ոչ էլ հետընթաց չի գրանցվել: Նախկին կոմունիստական երկրների մեջ առավել լավ տվյալներ ունեն Էստոնիան, Լատվիան, Լիտվիան, Վրաստանը: Եթե համեմատվենք հարեւանների հետ, Թուրքիան ավելի լավ վիճակում է, իսկ Ադրբեջանն ու Իրանն ավելի վատ վիճակում են»,-ասաց Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով, 2015 թվականին Հայաստանը հնարավոր 100 միավորից ստացել է 35 միավոր եւ 95-րդ հորիզոնականը Հայաստանը կիսում է Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ: Անցած տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշը վատթարացել է 1 հորիզոնականով։
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Դանինան մնում է ամենամաքուր երկիրը, առավել մաքուր երկրների թվում է նաեւ Նորվեգիան, Նոր Զելանդիան եւ Հոլանդիան:
Առավել կոռումպացված երկիրն են Սոմալին, Հարավային Սուդանը, Անգոլան:
Անցյալ տարվա համեմատաբար առաջընթաց են գրանցել Գվատեմալան, Շրի Լանկան, իսկ հետընթաց՝ Բրազիլիան եւ Թուրքիան:




























