Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը. նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին է ներկայացրել նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Հերբերտ Զալբերը վերահաստատել է Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի արդյունքների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի հարակից երկրներում եւ տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին։