2015-ին ՔԿՀ-ներում արձանագրվել է 28 մահվան, 3 ինքնասպանության դեպք, 141 ծառայողական քննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ստորաբաժանումների ղեկավարները քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանին ներկայացրին հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչին տրվեցին ընդհանուր գնահատականներ եւ հանձնարարականներ:

Մասնավորապես, համեմատականներ անցկացվեցին ծառայության տարբեր ոլորտներում 2014թ. գրանցված ցուցանիշների հետ:

Այսպես` գրանցվել է ամբուլատոր բուժման 76911 դեպք 2014 թվականին, 85408` 2015թ.-ին, իսկ ստացիոնար բուժման` համապատասխանաբար 953 եւ 822:

2014 թվականին արձանագրվել է մահվան 38 դեպք, 2015 թ.-ին` 28, ինքնասպանության 4 դեպք 2014թ.-ին, 3-ը` 2015թ.-ին:

2014թ.-ին առգրավվել են 2459 բջջային հեռախոսներ, 2015թ.-ին` 2458. հայտնաբերվել է  202 գրամ թմրամիջոց 2014թ.-ին, 2015թ.-ին` 484 գրամ:

2014 թվականին կատարվել է 3, իսկ 2015թ.-ին 9 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմի փոփոխություն (փակից` կիսափակ):

2014թ. նույնականացման քարտեր չեն տրամադրվել, սակայն 2015թ.-ին դրանք տրամադրվել են 325 դատապարտյալների:

2014թ.-ին անցկացվել են 84 ծառայողական քննություններ, իսկ 2015թ.-ին` 141:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի եւս 800 լրակազմով 4 նոր մասնաշենքերի գործարկմամբ մոտ 20%-ով լուծվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բեռնաթափման խնդիրը:

2015թ. ընթացքում քրեակատարողական բոլոր հիմնարկներում երկու անգամ  իրականացվել են դեզինֆեկցիոն եւ դեզինսեկցիոն աշխատանքներ, ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, մասնավորապես` սոնոգրաֆ, լարինգոսկոպ, օտոսկոպ, էլեկտրասրտագիր, կոագուլյատոր, անզգայացման եւ ախտահանման սարքեր, ավելացել են սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժինների հաստիքային միավորները, ձեռնարկվել են միջոցառումներ ազատազրկված անձանց զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ, անց են կացվել ուսումնական դասընթացներ, ինչպես նաեւ բազմաթիվ մշակութային, մարզական եւ հոգեւոր միջոցառումներ:

Քրեակատարողական ծառայության կողմից մշակվել եւ ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերող, ինչպես նար մի շարք այլ օրենքների նախագծեր: