Հայաստանում այժմ նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ֆրանսիական պատվիրակության կազմում էին նաեւ գործակալության Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը եւ Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձեւավորված համագործակցության արդյունավետ փորձը եւ հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների միջեւ գործակցությունը նոր թափ կստանա:

«Գյուղատնտեսությունը մեր երկրում գերակա ուղղություն է, վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապահովում, եւ սա այն ոլորտն է, որտեղ կատարված ներդրումները միանշանակ արդարացված են: 2015 թվականի տվյալներով մենք արձանագրել ենք  11,7 տոկոս աճ ոլորոտում, եւ նոր ծրագրերի, ֆինանսական օժանդակության միջոցով հնարավորությունն ունենք զգալիորեն ավելացնել ծավալները»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում կողմերը  երկուստեք կարեւորել են Վեդու ջրամբարի կառուցման եւ ոռոգման համակարգի վերազինման ծրագիրը, որի վերաբերյալ ֆինանսավորման պայմանագիրը ստորագրվել է նախօրեին: Ծրագրի շրջանակում նախարարն առանձնակի կարեւորել է արդյունավետ ջրօգտագործման հարցը` հատկապես կաթիլային ոռոգման համակարգերի կիրառումը:

Հանդիպման ընթացքում ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը պատրաստակամություն է հայտնել քննարկել գյուղատնտեսության ոլորտում  նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:

Նախարար Կարապետյանը նշել է, որ մեր երկրում այժմ նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որի համար հիմք է ընդունվել ֆրանսիական մոդելը: Նախարարի խոսքով`   ոլորտի հիմնական խնդիրը կապված է արժեշղթաների հզորացման հետ, որը հնարավորություն կտա լուծել իրացման խնդիրները:

Որպես հետագա համագործակցության  հնարավոր ուղղություն` նախարարը նշել է ցուցադրական համատեղ կոոպերատիվ գործարանի կառուցումը, որը կզբաղվի ֆրանսիական պանիրների արտադրությամբ, կարկտապաշտպան ցանցերի եւ ցրտահարությունների դեմ պայքարի նոր միջոցների կիրառումը, մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի, մասնավորապես կոմբայնների տրամադրումը, գինեգործական կոոպերատիվի հիմնումը եւ այլն:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս: