Թուրքիայի Cumhuriyet պարբերականի խմբագիր Ջան Դյունդարի եւ նույն պարբերականի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի հանդեպ «բեռնատարների գործով» արդեն ավարտին հասցված մեղադրական զեկույցով ցմահ ազատազրկում է պահանջվում։

Թուրքական Cumhuriyet պարբերականի խմբագրի եւ Անկարայի թղթակցի դեմ հետաքննությունն ավարտվել է ու պատրաստվել է մեղադրական զեկույց։  Երկու լրագրողներին մեղադրանք է առաջադրվել «պետական գաղտնիքը լրտեսության նպատակով հրապարակելու» եւ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ ահաբեկչական կառույցին մտադրված աջակցելու» մեղադրանքներով։

Ջան Դյունդարի ու Էրդեմ Գյուլի համար ցմահ ազատազրկում պահանջող մեղադրական զեկույցն ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան։

Նշենք, որ Ջան Դյունդարը եւ Էրդեմ Գյուլը մեղադրվում են պետական գաղտնիքը հրապարակելու մեջ, քանի որ նրանք ապացույցներ էին ներկայացրել, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը զենք է ուղարկում Սիրիայի ահաբեկիչներին: