Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվել է Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդության սպասավորներ ու զինվորներ:

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան Հայրը, Հայոց հաղթական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը, իր շնորհավորանքը բերեց ՀՀ Պաշտպանության նախարարին, ինչպես նաեւ հայոց քաջարի զորականներին եւ զինվորներին:

Վրթանես Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ասել է. «Հիշե՛նք Շուշին. զինտեխնիկայի եւ մեր ազատամարտիկների հագուստի վրա ամրացված ճերմակ խաչերը վահան են դառնում մեզ եւ երկնային զորակցություն ապահովում, իսկ արդարության կողմը լինելը եւ Ս. Ղազանչեցոցն ազատագրելու փափագը հաղթանակ են բերում մեզ:

…Այսօր, երբ մեր սահմաններում անհանգիստ է, եւ մեր ոսոխը հոխորտում է, ոչինչ ու ոչ ոք մեզ վրա սարսափ չի կարող գցել, որովհետեւ Տիրոջ ձայնն անընդհատ մեզ ոգեւորում է. «Քաջալերվեցե՛ք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33): Ապրելով հաղթված աշխարհում` իրավունքով ճաշակում ենք այդ հաղթանակի պտուղները: Վախը` որպես թերահավատության նշան, վաղուց մերժած լինելով, մահին հաղթածի քաջությամբ այսօր էլ շարունակում ենք մեր անկասելի երթը դեպի վերջնական հաղթանակ չարի ու նրա տարաբնույթ ուժերի դեմ»,- մասնավորապես նշեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը:

Իր խոսքում Սրբազանը Տիրոջ զորակցությունը եւ երկնավոր զորքերի բարեխոսությունը հայցեց Հայոց բանակի համար, որպեսզի վերջինիս հայրենանվեր ոգին մնա ամուր ու աննկուն, հոգին` ուղղափառ հավատով ու հույսով լեցուն, միտքը` պայծառ, իսկ բազուկը` զորեղ:

Պատարագի Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ միասնական աղոթք բարձրացվեց Հայրենիքի եւ Հայոց բանակի անսասանության եւ հաղթական ընթացքի համար:

Ապա Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգեւաբաշխություն:

Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք զինվորականների:

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգեւոր եւ հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մի շարք եկեղեցականներ արժանացան խրախուսանքի:

Շնորհաբաշխությունից հետո խոսքով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեծ պատիվ համարելով յուրաքանչյուր տարի Բանակի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը եւ Վեհափառ Հայրապետի օրհնության արժանանալը:

Նախարարը, անդրադառնալով բանակի առջեւ դրված դժվարին խնդիրների իրականացման գործում հոգեւոր սպասավորության դերակատարությանը, շեշտեց, որ այսօր հոգեւոր ծառայությունը եւ զինվորական ծառայությունը այն երկու սուրբ ծառայություններն են, որոնք ապահովում են ոչ միայն ուժային, այլ նաեւ գաղափարական ու հավատքով լի հենքը երկրի անվտանգության ապահովման համար: Պրն. Օհանյանն ընդգծեց, որ 2016 թվականի գործունեության պատշաճ իրականացման համար բանակի ողջ անձնակազմին այսօրինակ արարողությունները հերթական լիցքն են տալիս: