Երեւանի Ազատության հրապարակում իշխանափոխության պահանջով նստացույց անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին ոստիկանությունը այսօր՝ հունվարի 27-ին, թույլ տվեց հովանոց տեղադրել Ազատության հրապարակում:
NEWS.am-ի լրագրողը հաղորդում է, որ ոստիկանությունը երկար ժամանակ չէր համաձայնում «Նոր Հայաստանի» պահանջին, սակայն Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ժամանելուց հետո նստացույցի մասնակիցներին թույլատրվեց հովանոց տեղադրել, նաեւ նաեւ ոստիկանությունից վերցնել Ազատության հրապարակից հունվարի 26-ի լույս 27–ի գիշերն առգրավված գույքը, բացառությամբ այն իրերի, որոնք կապ ունեն վրանի հետ, օրինակ՝ վրանատիպ ծածկոցներն ու քնապարկերը:
«Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի պնդմանը, թե ոստիկանությունը պարբերաբար սադրանքի է դիմում եւ խոչընդոտում է նստացույցը, Աշոտ Կարապետյանը նշեց, որ իրենք ունեն նստացույցի մասնակիցների կողմից հասարակական կարգի խախտման բոլոր տեսագրությունները:
«Մենք բոլոր զապիսները ունենք եւ հանդուրժողականություն ենք դրսեւորել ձեր հանդեպ եւ տեսեք, թե ինչի է բերում մեր հանդուրժողականությունը»,-ասաց ոստիկանապետը:
Այս պահին «Նար Հայաստանի» քաղխորհրդի անդամենրը ոստիկանության բաժնում են, նրանք, որտեղից կվերցնեն առգրավված իրերը եւ ոստիկանության հետ կհամաձայնեցնեն, թե որ իրերը կկարողանան տեղադրել հրապարակում, որոնք` ոչ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի հունվարի 27–ի գիշերը Ազատության հրապարակից առգրավվել են նստացուցավորների ծածկոցները, հովանոցը, քնապարկերը եւ մյուս գույքը, քանի որ ոստիկանները նստացուցավորների մոտ հայտնաբերել են ոգելից խմիչքի շշեր։ Միաժամանակ, ոստիկանությունը հրապարակից բերման էր ենթարկել յոթ մարդու, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո նրանց ազատ էին արձակել։
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ի սկզբանե ձեւավորվել է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական, հասարակական ուժերից։ 2015թ. դեկտեմբերի 1–ից սկսած նրանք շուրջօրյա նստացույց են անում Ազատության հրապարակում։




































