ԲՀԿ-ն կինոն տարբեր գույներով է նայում նաեւ իշխանության հետ կոալիցիա կազմելու քննարկումների այս փուլում։ Իշխանության հետ համագործակցելու, կամ խորհրդարանում կառավարելի պիտակով ընդդիմություն մնալու այլոց մեկնաբանություններին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց՝ վերստին հիշեցնելով, որ իրենք կինոն սեւ ու սպիտակ չեն նայում, այլ տարբեր գույներով։
«Մենք պիտի գնանք ոչ թշնամական ճանապարհով, մերժողականությունն ու անհանդուրժողականությունը լավ բան չեն, մենք կինոն նայում ենք ոչ թե սեւ ու սպիտակ, այլ տարբեր գույներով»,-ասաց Միքայել Մելքումյանը։
Վերջինս կինոն գունավոր նայելու իրենց մղումների մասին մեզ հետ զրույցում հիշեցրել էր նաեւ 2016-ի բյուջեի քննարկումների օրերին, որն ավարտվեց ԲՀԿ-ի կողմից վարչապետին ցուցաբերած քաղաքական աջակցությամբ՝ «կողմ» քվեարկությամբ։ Ենթադրվում էր, որ ՀՅԴ-ից հետո իշխանությունը պետք է կոալիցիայի առաջարկ աներ իրեն ամենից շատ քաղաքականապես աջակցած ԲՀԿ-ին, սակայն դեռեւս չկա նման հարց։
Մեր հարցին, թե ինչո՞ւ չի առաջարկում, պատգամավորը տարակուսեց․ «Գնանք իշխանությանն ասենք՝ ինչու մեզ առաջարկ չեք անո՞ւմ։ Դա նորմա՞լ կլինի, իհարկե, ոչ, արժանապատիվ կեցվածքով պիտի դու շարժվես առաջ»։
Իսկ մի գուցե իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ն առաքելությունը շարունակի խորհրդարանում, որից հետո միայն միանա ՀՅԴ-ՀՀԿ դաշինքին։ Մելքումյանը 2017 թվականի զարգացումները կանխատեսելուց զերծ մնաց, իսկ Ազգային ժողովում առաքելությունը շարունակելու մասով անկեղծացավ․ «Ավելի անկեղծ լինելով՝ փորձեմ ասել․ դաշտում կա իշխանական ու ոչ իշխանական ուժեր, չէ՞, հիմա պետք է շատ համալիր մտածենք, եթե այսօրվա ծանրակշիռ քաղաքական ուժերը գնում են կոալիցիա են կազմում, բա էն մյուս դաշտում ի՞նչ է մնալու։ Հարցեր են ծագում։ Բայց սա իմ կարծիքն է, ոչ թե կուսակցության»։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ իրենք վարչապետի կողմից կառավարելի ընդդիմություն են եւ արմատական ՀԱԿ-ի դեպքում իրենց՝ խորհրդարանում մնալը շատ ձեռնտու է իշխանությանը, հարցրեց․ «Ո՞վ է որոշում, որ մենք կառավարլի ընդդիմություն ենք, ո՞րն է անկառավարելին։ Հովիկ Աբրահամյանը տնտեսություն է կառավարում, բան ու գործ չունի, պիտի ԲՀԿ-ին կառավարի՞, ինչ գործիքով կառավարի, դա անհեթեթություն եմ համարում։ Ուզում եմ ասել՝ հարցադրումը ճիշտ չի, կառավարելի ու անկառավարելի բաներ չկան, բոլորն անում են էն, ինչ ունակ են անելու։ Մենք պիտի գնանք ոչ թշնամական ճանապարհով, մերժողականությունը լավ բանի չի բերում։ Միքայել Մելքումյանը կարող է այսօր քննադատել վարչապետին, վաղը վարչապետի հետ քննարկի որեւէ նախագիծ»։
Ըստ մեր զրուցակցի՝ կոալիցիայում չլինելով էլ հնարավոր է իշխանության հետ համագործակցել, կառուցողական քննարկումների միջոցով ծրագրերը առաջ տանել։ «Մենք չենք ուզում ինքնանպատակ տեղ զբաղեցնենք այդ դաշտւմ, բնականոն շարունակում ենք ծրագրային դրույթներով առաջ գնալ, բայց ցանկացած պահի, երբ քո հետ խոսում են, կարող է այլ իրավիճակ առաջանա։ Կոալիցիայում չլինելով էլ կարող ես քո ծրագրերն անել, պարտադիր չի որ մեջը լինես ու անես, բայց եթե պայման կլինի ու քաղաքական մեծամասնության հետ կհամընկնեն ծրագրերը, կարող ես իրականացնել, ընդունելի է ինձ համար կոալիցիան»։




























