Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Տոնը հիմնվել է, որպեսզի օգտատերերը չմոռանան համացանցում վարքագծի կանոններին հետեւելու մասին, որոնք օգնում են պաշտպանել նրանց վիրտուալ եւ իրական կյանքը:

Ըստ Calend-ի, այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2006 թվականի ապրիլի 26-ին, Եվրախորհրդի նախարարական կոմիտեի կողմից: Օրը համընկնում է 1981 թվականի հունվարի 28-ին Եվրախորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման կապակցությամբ անձանց պաշտպանության մասին» Կոնվենցիայի ստորագրման տարեդարձի հետ:

Նշված Կոնվենցիան միջազգային առաջին պարտավորեցնող գործիքն է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, որը սահմանում է անձնական տվյալների անձեռնմխելիության՝ մարդու իրավունքի պաշտպանության մեխանիզմները: