Մեր ոչ ադեկվատ հակառակորդը շատ լավ գիտի մեր հնարավորությունները, եթե նա վստահ լիներ իր հաղթանակում, միանգամից պատերազմ կսկսեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ռազմական փորձագետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը՝ ընդգծելով, որ հայոց բանակն ամենաանխոցելին է տարածաշրջանում:
Նրա խոսքով, մենք իսկապես շատ լավ բանակ ունենք: «Բայց մենք պետք է շատ զգայուն լինենք, որպեսզի թույլ չտանք սխալներ ու խուճապներ: Մենք ձեռք չենք բերում հարձակողական ռազմական միջոցներ, քանի որ մեր ռազմավարությունը հիմնված է պաշտպանության վրա: Այդ պաշտպանությունը շատ դեպքերում ենթադրում է նաեւ հակահարձակում՝ նպատակ ունենալով կանխել հակառակորդի ագրեսիան»,-ընդգծել է Եղիազարյանը:
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի մեջ դեմ, չի բացառվում, որ այդ պետությունը սկսի փլուզվել նաեւ ներսից: «Սա եւս պատճառներից մեկն է, որը զսպում է Ադրբեջանին պատերազմ սկսելու հարցում: Ադրբեջանի կազմում ընդգրկված ժողովուրդների գիտակցության մեջ աստիճանաբար սկսում է տեսակետ ձեւավորվել, որ հայերը թշնամի չեն, նրանք նույնպիսի ժողովուրդ են»,-վստահ է Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նավթային պետություն է ու նավթային պաշարները սպառելուց հետո այդ երկրի տարածքում կարող են նոր պետություններ ծնվել:




























