Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը նախօրեին ենթարկցել է դատաբժշկական փորձաքննության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
«Շուշանիկ Բախշյանի մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ եւ գրիպ «Ա»: Այս պահին ջերմությունից 37-ից բարձր է, հետեւաբար բժիշկները որոշել են, որ Բախշյանը մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում: Երեկ էլ արդեն փորձագետներն եկել են եւ ուսումնասիրել նրա առողջական վիճակը»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 23-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, երբ դատավորը որոշում էր կայացրել ձերբակալման որոշումն ապօրինի համար եւ պարտավորեցրել քննիչին ազատ արձակել բժշկուհուն: Մահացած ծննդկանի հարազատներն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չեն հավատում, որ Շուշանիկ Բախշյանն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով միջնորդել էին նշանակել դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ այդ օրը դատարան էր գնացել նաեւ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Վերջինիս պնդմամբ, իրեն հրավիրել էին, իսկ Բախշյանի փաստաբանի պնդմամբ, Ասոյանն ինքն է ցանկություն հայտնել գալ եւ իմանալ բժշկուհու առողջական վիճակի մասին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց չի ընտրվել:




























