Հունաստանը կմնա առանց նորությունների, քանի որ հույն լրագրողները արհմիությունների որոշմամբ, այսօր՝ հունվարի 28-ին, գործադուլ են անցկացնում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

Բողոքի ակցիան սկսվել է առավոտյան ժամը 6.00-ին եւ կավարտվի ուրբաթ ժամը 6.00-ին: Նորությունների թողարկումներ չեն լինի պետական ռադիոյում, պետական ERT հեռուստատեսությունում, Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությունում, խորհրդարանական հեռուստաալիքում, մասնավոր հեռուստաալիքներում եւ արհմիությունների հետ առնչություն ունեցող կայքերում: Ընդ որում, որոշ ինտերնետային կայքեր անտեսել են արհմիությունների որոշումը:

Չի աշխատում տպագրության գլխավոր քարտուղարությունը (նախկին տպագրության նախարարություն) պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Առանց լուսաբանման կմնան այնպիսի կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք են Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի առաջնորդների եռակողմ կանդիպումը Նիկոսիայում, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի այցն Աթենք:

Լրագրողները բողոքում են սոցիալական ապահովության համակարգը փոխելու, ապահովագրական կենսաթոշակային հիմնադամները միավորելու կառավարության պլանների դեմ: Նրանք պահանջում են պահպանել պրոֆեսիոնալ ապահովագրական հիմնադրամը:

Նշենք, որ Հունաստանում շարունակվում է նավաստիների 48-ժամյա գործադուլը, որը հայտարարվել էր երեկ՝ հունվարի 27-ին: Նրանք նույնպես պայքարում են կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որի հետեւանքով կնվազի նավաստիների կենսամակարդակը: