Արգենտինայի հարավային շրջաններից մեկում թանգարանի են վերածել ցախատունը, որտեղ ավելի քան կես դար առաջ գիշերել էր լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գեւարան։ Արգենտինական «Կլարին» թերթի փոխանցմամբ՝ Չեն այդտեղ մեկ գիշեր է անցկացրել1952թ. Լատինական Ամերիկայի երկրներով ճանապարհորդելու ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

1946թ.  կառուցված ցախատունը վերանորոգել են թանգարանի  պահանջներին համապատասխան։ Ճարտարապետները փորձել են առավելագույնս պահպանել շինության արտաքին տեսքը։ Ցախանոցի  կողքին տեղադրել են բենզալցակայան՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին գործում էր 1952թ.։ Հունիսին լցակայանի կողքին կհայտնվի Norton 500 մոտոցիկլի կրկնօրինակը։ Դրանով էր ճանապարհորդում Չե Գեւարան։

Թանգարանում կներկայացվեն արխիվային լուսանկարներ, հեղափոխականի անձնական իրերը եւ որոշ ձեռագրեր։

Այցելուները կարող են ինտերակտիվ քարտեզով հետեւել նրա ճանապարհորդություններին, որոնց ցուցադրությունը կուղեկցվի լուսանկարներով, տեսանյութերով եւ երաժշտական մեջբերումներով։