Հայ ժողովուրդն այսօր ունի գիտական հիմքերի վրա կանգնած, մարտունակ բանակ: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը` նշելով, որ հունվարի 28-ը պետք լինի հայ տղամարդու օրը, որովհետեւ աշխարհաքաղաքական այս ծանր օրերին եթե հայ ազգը հերոս չդարձնի հայ տղամարդուն, զինվորին, ապա անվտանգության համակարգը «քամու նման կսրբվի եւ կգնա» :
«Հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը ապահովեցինք հայկական բանակով: Մենք դեռ չավարտված պատերազմ ունենք, մեր բանակի շնորհիվ ենք թշնամուն պարտադրել խաղաղություն, եթե մենք այդ բանակը չունենայինք մեզ հետ ոչ ոք չէր նստի բանակցությունների սեղանին»,-ասաց Սուրեն Աբրահամյանը:
Նրա խոսքով, եթե պետական մտածողություն չլիներ, եթե երեւանցին ցուրտ ու մութ տարիներին չտառապեր, որպեսզի իր զավակը հերոսանար սահմանամերձ գյուղերում, հայ ազգը չէր ունենա այն ինչ ունի այսօր:
«Որ ասում են բանակը լուրջ խնդիրներ ունի, ես միշտ ասում եմ, որ պետք է չավարտված պատերազմի ժամանակ հերոսացնել զինվորին, ես ասում եմ, որ մենք ունենք կայացած, ամուր բանակ, բայց այդ սպան ունի հոգատարության խնդիր: Պետության գործառույթները չի կարելի բանկից պահանջել, բանակն իր սպեցիֆիկ ֆունկցիաներն է կատարում, պարտադրում է թշնամուն մեզ հետ հաշվի նստել»,-ասաց նա:
Սուրեն Աբրահամյանի խոսքով, հայկական բանակն այսօր մեծ չափով ապաքաղաքականացված է, չհաշված, որ ընտրություններին զինվորներին տանում են քվեարկության եւ «հուշում, թե ում օգտին քվեարկել»: Նրա խոսքով, բանակին պետական հոգածություն է պետք. «Ընտրությունների ժամանակ բնական է, մեր ժամանակ էլ բոլորին շարում էին եւ տանում քվեարկելու, բայց Սեյրան Օհանյանն իրեն ահագին կարգին է պահում այս հարցում էլ»:




























