Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ Մհեր Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մհեր Պետրոսյանը 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին միասնական հանցավոր մտադրությամբ միավորված Գարիկ Իսրայելյանի եւ Միքայել Ալկամյանի վստահությունը չարաշահելու եղանակով` խարդախությամբ հափշտակել է նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 31 մլն 600 հազար դրամ: Բացի դրանից, Պետրոսյանը խարդախությամբ Ռուբիկ Շահինյանից հափշտակել է 7մլն 770 հազար դրամ:
Նախկին պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ, 325-րդ, 235-րդ եւ 238-րդ հոդվածների 1-ին մասերով, ինչպես նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Որպես իրեղեն ապացույցներ՝ գործին կցվել են Օսեբ Մարկարյանի, Ա.Թովմասյանի եւ Մհեր Պետրոսյանի հագուստները` արյան հետքերով, կրակված պարկուճներ եւ գնդակներ, Մհեր Պետրոսյանի ատրճանակն իր պահունակով, ինչպես նաեւ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ 2015թ-ի փետրվարի 6-ին, երեկոյան Երեւանի Պռոշյան փողոցում Ռաֆիկ Պետորսյանի որդին սփյուռքահայ գործարար Օսեբ Մարկարյանի գրասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կրակել էր նրա վրա: Մհեր Պետրոսյանը ձերբակալվել էր, հարուցվել էր քրեական գործ, նրան մեղադրանք էր առաջադրվել իր երբեմնի գործընկերոջը` Մարկարյանին, սպանելու փորձ կատարելու համար:




























