Երեւանի տրանսպորտային համակարգում խայտառակ վիճակ է: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով, «1248s» պետհամարանիշի 42 համարի ավտոբուսը Արշակունյաց պողոտայով մոտեցել է  կանգառին, որտեղ երկու երթուղային տաքսի է եղել: Ավտոբուսի վարորդը չի կանգնել կանգառում եւ կիսադատարկ հեռացել է` թողնելով այդ համարի երթուղայինին սպասող քաղաքացիներին -14 աստիճան ցրտին:

«Սրանից հետո բավական երկար կանգառում ոչ մի ավտոբուս, տրոլեյբուս չերեւաց: Ու մարդիկ կանգնած էին ընտրության առաջ. կամ խցկվել ազատ նստատեղեր չունեցող «Գազելներ», ու կռացած երթեւեկել, կամ սառել՝ -14 աստիճան ցրտին:

Երեւանի տրանսպորտային համակարգում խայտառակ վիճակ է: Ավտոբուսի վարորդների մեծամասնությունը ավտոբուսը վարում է հեռախոսով խոսելով՝ իրենց անձնական հարաբերությունների նրբությունները ուղեւորների հետ կիսելով, տափակ անեկդոտներ բարձրաձայնելով, չսափրված, ծխելով, ավտոբուսները վարում են անկանոն՝ կարտոֆիլ տեղափոխող բեռնատարի նման:

«Գազելների» մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, որովհետեւ դրանցով երթեւեկելը նվաստացուցիչ է չնստած ուղեւորների համար:

Հենց այս հարցերն էի բարձրաձայնում 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, որին պարոն Տարոն Մարգարյանը հերթական անգամ չներկայացավ: Ըստ ամենայնի ԱԺ գալու հետ կապված ինչ-որ վախեր ունի:

Հ.Գ. Երկու շաբաթ առաջ ինձ համար կանգնած եմ ավտոբուսի մեջ: Զգում եմ, որ վարորդը նկատել է ինձ. հայելու մեջ ինձ է նայում, փոխանակ ճանապարհին նայի: Զգացի, որ ինչ-որ բան է մտմտում, ու պատրաստվում է ինչ-որ գիգանտ միտք արտահայտել: Ի վերջո հավաքեց մտքերը, եւ ինչքան ձայն ուներ գոռաց. «Պարոն Փաշինյան, ընչի՞ մի հատ օրենք չեք ընդունում, որ էս սաղ հայերին գյուլլեն»: Ինչպես ասում են՝ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին: