Վրացական ճանապարհային ծառայություններն այսօր պատրաստվում են մասնակիորեն բացել երթեւեկությունը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վրա:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Միջազգային բեռնափոխադրողների ընկերակցության նախագահ Հերբերտ Համբարձումյանը` վկայակոչելով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունից իր ստացած տվյալները:   

«Իրենց խոսքով, այսօր պատրաստվում են բացել ճանապարհը մարդատար մեքենաների եւ ավտոբուսների համար, իսկ վաղը կփորձեն նաեւ բեռնատարների համար, չնայած վստահ չեն», - նշել է Համբարձումյանը: Ուժեղ ձյան պատճառով  անցակետում են մնացել նաեւ հայկական բեռնատարները, բայց նրանց ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ, հավելել է նա: 

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության Դաշնային ճանապարհային գործակալությունը, Հյուսիսային Կովկասում Դաշնության սուբյեկտներում ճանապարհային ծառայությունների եւ ԱԻՆ-ի շուրջօրյա հերթապահություն է կազմակերպվել: Հատուկ ուշադրություն է դարձվում Վլադիկավկազ-Լարս ճանապարհին, որտեղ ձնահյուսերի հավանականությունն առավել մեծ է: Ճանապարհներին վարորդների տաքացման կետեր են ստեղծվել: