Մեր բանակն արժեքներ ու նույնիսկ՝ արվեստ, գրականություն, սեր ստեղծող բանակ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ հավելելով, որ այսօրվա բանակը ստեղծվել է մեր մայրերի ու քույրերի անափ համբերության եւ ունեցած ազատագրական պայքարի արդյունքում:
«Եթե այն ժամանակ մենք սկսել ենք ամենաստորին շարքից, ապա հիմա մեր բանակն իր սպառազինությամբ եւ իր ռազմաստրատեգիական գործողություններով համալրում է միջին բանակների շարքը, այսինքն՝ ոչ թե տարածաշրջանային կամ ասիական բանակ է, այլ եվրոպական ստանդարտներին համապատասխանող: Մենք այսօր հասել ենք այն ստանդարտին, որտեղ Ռիխտերի սանդղակը 12 բալ է, այսինքն՝ ուժեղ, մարտունակ եւ մշտապես մարտական պատրաստվածություն իրականացնող»,-ընդգծել է Աստվածատուր Պետրոսյանը՝ հավելելով, որ աշխարհի որեւէ այլ բանակում չես կարող գտնել Հայոց բանակի ոգեղենությունն ու միատարրությունը:
Անդրադառնալով բանակում առկա խնդիրներին, նա նշել է, որ բանակի խնդիրները չի դնում միայն նախարարը, այլ կոլեգիան. «Դա կոլեկտիվ աշխատանք է, կոլեգիալության խնդիր կա, իսկ ռազմաստրատեգիական զարգացման էտապները պետք է փուլ առ փուլ անցնել: Այսօր մեր առջեւ սպառազինության մրցավազքի խնդիր չկա դրված: Պրոֆեսիոնալիզմի բարձրացման խնդիրն է կարեւոր»:
Բանակի առջեւ ծառացած խնդիրների շարքում է էլիտար սպայական անձնակազմի մակարդակը բարձրացնելը, զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով հարստացնելը, նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը:
Գեներալ-մայորի խոսքով, շատ կարեւոր է նաեւ, որ ուսումը կիսատ թողած զորակոչիկներին բանակից վերադառնալուց հետո տրվեն արտոնություններ, օրինակ՝ զեղչվի ուսման վճարը:




























