Սահմանին զոհված 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանի երկվորյակ եղբայրը՝ Գարիկը, որ դեռ ժամկետային զինվորական ծառայության մեջ է, եղբոր մահվանից մեկ ամիս անց նրա մասին խոսում է այնպես, կարծես նա դեռ ողջ է:
«Ասում է՝ մամա, Ռուբոն ու ես ինչ նպատակ դրել ենք, կանենք, չմտածես, մենք քո կողքին ենք: Ասում է՝ հիշո՞ւմ ես՝ Ռուբոն ինչ էր ասում, պիտի հիշես, որ Ռուբոն չէր սիրում, որ լացում էիր»- արցունքները մի կերպ զսպելով պատմում է երկվորյակների մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը:
Ռուբենը Գարիկի մի մասն էր ու հակառակը՝ ասում է մայրը ու պատմում, որ Ռուբենի վիրավորվելու ցավը Գարիկը քնած ժամանակ զգացել է. «Իրենք միաբջիջ երկվորյակներ են, երկու կես էին՝ մեկը կիսված: Ինքը հոգեպես ոչնչացված է։ Իր եղբոր վիրավորվելու ցավը ինքը քնած տեղը զգացել ա, վեր ա թռել: Հիմա էլ ուզում ա հետ գնա իր տեղը, որ դիրքեր բարձրանա, եղբոր վրեժը լուծի»:
Տիկին Լուսիկը Ռուբենի հետ վերջին անգամ նրա զոհվելուց 3 օր առաջ է զրուցել: Արտերկիր արտագնա աշխատանքի մեկնած մորը Ռուբենը խոսք է տվել, որ ամեն ինչ փոխվելու է, հենց ինքն ու եղբայրը զորացրվեն ու տուն վերադառնան:
«Ասում էր՝ մամա, դու էդտեղ տանջվում ես, բայց մի տարի մնաց, տղերքդ բանակից կգան ու դու կտեսնես՝ ինչքան բան կփոխվի մեր կյանքում, քո երկու բալեքը ինչեր կփոխեն, ինչեր կանեն քո համար»,- հիշում է տիկին Լուսիկը:
4 որդիներից 2-ին կորցրած մայրն ասում է՝ իր պարտքը հիմա մյուս երկու որդիներին պաշտպանելն է։ Որդու մահվան 40-րդ օրը դեռ չլրացած՝ նա գնացել է Պաշտպանության նախարարություն, խնդրել, որ Գարիկը ժամկետից մեկ տարի շուտ զորացրվի, սակայն խնդրանքը մասնակի է բավարարվել, Գարիկը կտեղափոխվի իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս, բայց չի զորացրվի:
«Ես անընդհատ վտանգ եմ զգում: Ինքը նեղված է, վրեժխնդրությամբ լցված։ Ուր էլ որ ծառայի, իր համար շատ դժվար է լինելու։ Դրա համար ես ուզում եմ, որ ուղղակի ազատվի: Ես 4 զինվոր տվել եմ, կարծում եմ՝ դրա իրավունքը ունեմ։ Օրենքները, սահմանադրությունները մի կողմ, մարդկային կանոններ կան, որ պետք է իրագործվեն»,- ասաց նա։
Տիկին Լուսիկը հունվարի 27-ին նախագահից ստացավ որդու պարգեւը՝ արիության մեդալ։
20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը զոհվել է 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը՝ հակառակորդի հետ ծավալված մերձամարտերի ընթացքում: Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ: Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբեն Ալեքսանյանի ծնողները նրա զոհվելու օրը արտերկրում են եղել՝ արտագնա աշխատանքի։
.jpg)





























