Միջռասայական ամուսնություններից ծնված կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են իրենց «մուլտիռասայի» ներկայացուցիչ համարում: Այսպիսի եզրահանգման են եկել Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի աշխատակիցները:

Ըստ American Sociological Review-ի, ներկայում ԱՄՆ-ի բնակչության՝ միջռասայական ամուսնություններից ծնվածներն ամենաարագ աճող խումբն են կազմում: 2001 թվականին մեկնարկած հետազոտության ընթացքում շուրջ 37 հազար մարդու շրջանում հարցում է անցկացվել: Արդյունքում պարզվել է, որ իրենց «մուլտիռասայի» ներկայացուցիչ է համարում հարցված մուլատ կանանց 76% եւ տղամարդմանց 64%-ը, լատինաամերիկացիների եւ աֆրոամերիկացիների երեխաների շրջանում՝ կանանց 40% եւ տղամարդկանց 32%-ը, ասիացի եւ եվրոպացի զույգերի երեխաների շրջանում՝ կանանց 56% եւ տղամարդկանց 50%-ը:

Ըստ Gazeta-ի, հաշվարկների համաձայն, 2050 թվականին յուրաքանչյուր 5-րդ ամերիկացին խառը ռասայի կպատկանի: Այն, ինչպես իրեն կհամարի նոր սերունդը, կազդի միջռասայական հարաբերությունների կայունության վրա: Ինքնորոշումը կարեւոր նշանակություն ունի քաղաքական իշխանության ռեսուրսների բաժանման եւ աշխատանքի տեղավորման ոլորտում խտրականության դեմ օրենքներին հետեւելու, կրթության եւ բնակարանային պայմանների հարցում: