Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրում կադրային փոփոխությունները չի բացառում, սակայն կոնկրետ պաշտոնանկությունների մասին հրաժարվում է խոսել: NEWS.am-ի հետ հարցազրույցում Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու նպատակահարմարության, նախարարական պորտֆելների շուրջ անհամաձայնության, նոր Ընտրական օրենսգրքի ու գործադիրում սպասվող փոփոխությունների վերաբերյալ այս օրերին ընթացող քննարկումներին։
Պարոն Հարությունյան, հայտնի է, որ Դաշնակցությունն ընդունել է իշխանության հետ կոալիցիա կազմելու առաջարկը, սակայն պորտֆելների շուրջ դեռ համաձայնություն չկա։ Ինչո՞ւ, ո՞ր նախարարություններն է ուզում ՀՅԴ-ն:
Ես կարծում եմ` վաղ է դրա մասին խոսելը, քննարկումները ավարտվեն` նոր: Քանի դեռ քննարկումները ընթանում են, որեւէ տեղեկություն չեմ կարող հայտնել:
Քանի՞ պորտֆել եք հավանական համարում, որ կտրվի Դաշնակցությանը:
Կներեք, չեմ կարող այդ հարցին պատասխանել:
Կոալիցիա կազմելու առաջարկով իշխանությունը վարձահատո՞ւյց եղավ Դաշնակցությանը սահմանադրական փոփոխություններին աջակցություն ցուցաբերելու համար: Ինչո՞ւ կոալիցիայի առաջարկ արվեց:
Կարծում եմ` ամենեւին, ոչ, դա ուղղակիորեն չի կարող կապվել Սահմանադրության հետ, թեեւ դա եւս իր դերակատարումը ունեցավ: Դա երկուստեք համատեղ պատասխանատվություն ստանձնելու ցանկություն է:
Այս օրերին կառավարության կազմում փոփոխությունների մասին է անընդհատ գրվում: Ո՞ր նախարարներն են փոխվելու:
Կառավարությունում փոփոխությունները բացառված չեն, սակայն այս պահին որեւէ կոնկրետ քննարկում տեղի չի ունենում:
ԲՀԿ-ն նույնպես սահմանադրական փոփոխության հարցում աջակցություն ցուցաբերեց, սակայն դեռ առաջարկ չի արվել, ինչո՞ւ:
Քաղաքական գործընթացները միշտ չէ, որ ենթարկվում են մեկ ընդհանուր տրամաբանության: Կարծում եմ` ԲՀԿ-ն ունի իր ուրույն գիծը, այս փուլում խնդիրն արդիական չէ:
Պարոն Հարությունյան, սկսվել են նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները, խոսք կա կուսակցություններից բացի ընտրողին ներկայացնել թեկնածուների ռեյտինգային ցուցակ: Այս տարբերակը մտահոգություն է առաջացրել, որ համամասնական կարգն ավելի շատ մոտեցնում եք մեծամասնական ընտրակարգին, ինչո՞ւ է հենց այս տարբերակը քննարկվում:
Քանի դեռ մոդելը հայտարարված չէ, խոսել մեծամասնականի մասին, սխալ է, բայց ռեյտինգայինը որեւէ ձեւով չի կապվում մեծամասնականի հետ: Այն երկրները, որոնք համարվում են ավանդական համամասնական ընտրակարգով առաջ ընթացող երկրներ, բոլոր այդ երկրներում օգտագործվում է ռեյտինգայինի այս կամ այն տարատեսակը:
Քննարկվում է նաեւ Էլեկտրոնային քվեարկության տարբերակի մասին, սակայն ընդդիմությունը եւ հասարակական ոլորտի շատ ներկայացուցիչներ պնդում են, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի արդյունավետ միջոցը քվեարկված ցուցակների հրապարակայնացումն է: Իշխանությունը այս պահանջին ընդառաջ գնալո՞ւ է, ի վերջո:
Ես մշտապես դեմ եմ եղել եւ կլինեմ դրան, ավելին, ես բազմիցս նշել եմ, որ դա հակասում է Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատված ընտրությունների պատշաճ անցկացման կանոններին, դա հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ուստի եւ դա հնարավոր չեմ համարում, սակայն բազմաթիվ մեխանիզմներ, որոնք կարող են երաշխավորել ընտրությունների պատշաճ ընթացքը, կարծում եմ` դրանք ողջունելի կլինեն եւ քննարկման ենթակա:
Բացառո՞ւմ եք, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է վերանայել այդ կանոնը:
Այդ կանոնները կիրառելի են Եվրոպայի խորհրդի բոլոր երկրների համար: Նախ ես չեմ հավատում, որ Վենետիկի հանձնաժողովը կվերանայի, այն պարզ պատճառով, որ ընտրությունների գաղտնիության սկզբունքներից մեկը մասնակցության գաղտնիությունն է: Գործնականում բացառում եմ, որ լինի դա:




























