Եգիպտոսի Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆոդան հայտարարել է, որ երկրում զբոսաշրջային ոլորտի կորուստները երկու գլխավոր հանգստավայրերում (Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա) վերջին երեք ամսում կազմել է 6 մլրդ եգիպտական ֆունտ (ավելի քան 766 մլն դոլար), հաղորդում է Daily News Egypt-ը: Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Շարմ էլ Շեյխում Արաբական բանկերի միության համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով, Սինայի թերակղզում 2015-ի հոկտեմբերի 31-ին ռուսական օդանավի աղետից հետո Եգիպտոսը նոյեմբերից սկսած ամեն ամիս Շարմ էլ Շեյխում եւ Հուրգադայում կորցրել է 2-ական մլրդ եգիպտական ֆունտ (մոտ 256 մլն դոլար), հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար պետք է լուծել անվտանգության խնդիրները:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 31-ին Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող  «Կոգալիմավիայի» օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում, օդանավի  217 ուղեւորն ու անձնակազմի յոթ անդամները զոհվել էին: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ օդանավում ռումբ է տեղադրվել: