Հունվարի 27-ին եզրափակիչ արձանագրության ստորագրությամբ Բաղդադում իր աշխատանքներն է ավարտել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Արձանագրությունում ամփոփված են երկու երկրների տնտեսական եւ հումանիտար բնագավառներում մոտակա տարիների համագործակցության հեռանկարները։
ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իրաք այցելության ընթացքում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Երիցյանը հունվարի 27-ին հանդիպում ունեցավ Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի հետ:
Հանդիպման ընթացքում վերջինիս են փոխանցվել ՀՀ նախագահի եւ վարապետի ողջույնները, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության աջակցությունը ահաբեկչության դեմ Իրաքի պայքարի վերաբերյալ։ Արմեն Երիցյանը հայտնել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը Իրաքի հետ բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու եւ ընդլայնելու վերաբերյալ եւ ներկայացրել առկա դրական առաջընթացի բարձր տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Իրաքի վարչապետը նշել է, որ նավթի գների անկման արդյունքում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նոր ոլորտներում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության զարգացմանը` այս առումով կարեւոր տեղ հատկացնելով Հայաստանին։
Վարչապետը իր քաջատեղյակությունն է ցուցադրել իրաքահայության խնդիրների վերաբերյալ եւ հատուկ նշել հայ համայնքի դրական դերակատարությունը երկրի զարգացման գործում։ Հեյդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները եւ նրանց շրջանում արտագաղթը կանխելու նպատակով ձգտում է ստեղծել նպաստավոր կենսական պայմաններ։
Հանդիպման ավարտին վարչապետ Աբադին իր ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին լավագույն մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին։
Նույն օրը Արմեն Երիցյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրաքի առեւտրի նախարար Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի եւ տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբր ալ-Զուբաիդիի հետ։
Առեւտրի նախարարը հրավիրել է հայկական ընկերություններին օգտվել Իրաքում ստեղծված հնարավորություններից, մասնակցել Բաղդադի միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաեւ մասնակցել նախարարության կողմից հայտարարվող տենդերներին։
Տրանսպորի նախարարի հետ քննարկվել են Բաղդադ-Երեւան ուղիղ չվերթի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ Իրանի միջոցով ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնելու խնդիրները։




























