Հայ գյուղացիները 2016թ. պետական ծրագրով սուբսիդավորված գնով 32 հազար տոննա ազոտի սելիտրա կստանան։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունվարի 29-ին կայացած կառավարության նիստում։
Ինչպես ծրագիրը ներկայացնելիս ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գյուղացիները կստանան նաեւ 320 տ ֆոսֆորային եւ 840 տ կալիումային պարարտանյութ։ Ազոտական պարարտանյութերի գինը պետական ծրագրով կսուբսիդավորվի 30 տոկոսով, իսկ ֆոսֆորային եւ կալիումական պարարտանյութերինը՝ 50 տոկոսով։
Որպես փոխհատուցում Կառավարությունը ազոտական պարարտանյութ մատակարարող ընկերությանը կվճարի 1 մլրդ 747 մլն դրամ, իսկ ֆոսֆորային եւ կալիումական պարարտանյութ մատակարարողին՝ 157 մլն դրամ։
Հիշեցնենք, որ մատակարարումների ծավալները սահմանվում են գյուղացիների դիմումների հիման վրա։



























