Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է  Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական լայնածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նոր հանցագործության մասին տվյալներ` հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից քրեական գործով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով նույն քրեական գործի ելքով շահագրգիռ կողմին նախաքննության ընթացքի մասին տվյալների փոխանցմամբ քննիչի գործունեությանը միջամտելու վերաբերյալ:

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն: