The Aviation Safety Network (ASN) ռեսուրսի վիճակագրության համաձայն, որը գրանցում է ամբողջ աշխարհում ինքնաթիռների վթարները, 2015-ը ավիացիայի պատմության մեջ ամենաանվտանգն էր: Տվյալները տեղադրված են պորտալի կայքում:
ASN-ի տվյալների համաձայն, 2015-ին ամբողջ աշխարհում 34 մլն չվերթ է իրականացվել: Դրանցից 16-ը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքությունների, եղանակային պայմանների կամ անձնակազմերի սխալների հետեւանքով: Այլ խոսքով ասած` մոտավորապես հինգ մլն թռիչքից երկուսը ճակատագրական են եղել: Ինչպես ճշտում է ռեսուրսը, դա ամբողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է, գրում է Lenta-ն:
Միաժամանակ, ASN-ն իր վիճակագրության մեջ հաշվի չի առնում ահաբեկչությունների եւ դիտավորյալ գործողությունների հետեւանքով օդանավերի կործանումը: Այսպես, 2015-ի վիճակագրության մեջ հաշվի չեն առնվել մարտին Ալպերում` Ֆրանսիայի հարավում Germanwings A320 24-ի ավիաաղետը: Այն ժամանակ հետաքննության վարկածի համաձայն, ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը գործընկերոջ բացակայությամբ փակվել էր խցիկում եւ ինքնաթիռը դիտավորյալ հածանավային արագությամբ ուղղել էր դեպի լեռը:
Երկրորդ դեպքը, որը ցուցակում չի ներառվել, հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողության հետեւանքով «Կոգալիմավիային» պատկանող, Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական Airbus A321 ինքնաթիռի կործանումն էր:
Ինչպես ճշտում է Ռուսաստանի տուրօպերատորների ընկերակցությունը (ՌՏՕԸ), ավիացիայի պատմության մեջ ամենամահաբերը համարվում է 1972 թվականը, երբ 72 ավիաաղետի հետեւանքով 2370 մարդ էր զոհվել:



























