Լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր թվով 304 դեպք, որոնցից 201-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու հետեւանքով, իսկ 103-ը անհատական դեպքեր են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
2015թ. ամենաշատը խախտվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը (70 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (37 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (37 դեպք) եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (22 դեպք):
Արձանագրված 304 դեպքերից 228-ը տեղի են ունեցել Երեւանում, 26-ը՝ Շիրակի մարզում, 12-ը՝ Լոռու մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 6-ը՝ Տավուշի մարզում, 5-ը՝ Սյունիքի մարզում, 4-ը՝ Գեղարքունիքի մարզում, 4-ը՝ Արմավիրի մարզում, 2-ը՝ Արարատի մարզում, 1-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Վայոց ձորի մարզում, 1-ը՝ Սյունիքի եւ ԼՂՀ-ի սահմանին, իսկ 5 դեպքի տեղի ունենալու վայրը հայտնի չէ:
Անհատական դեպքերի ժամանակ խախտվել է 15 իրավունք, որոնցից ամենաշատը խախտվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (24 դեպք), անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը (23 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (18 դեպք), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (11 դեպք):
Հավաքների ժամանակ խախտվել է 13 իրավունք, որոնցից ամենաշատը խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը (47 դեպք), անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը (19 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը (13 դեպք):



























