Լոռու մարզի Գուգարք գյուղում անցած տարվա դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան բռնկված ու 5 ժամ անց մարված խոշոր հրդեհի հետեւանքով տուժած 6 ընտանիքները դեռեւս փոխհատուցում չեն ստացել:
Համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզպետը դիմել է Կառավարությանը եւ այժմ սպասում են որոշմանը:
«Բոլորն էլ իրենց բարեկամների տներում են ապրում: Տեսնենք՝ կառավարությունն ինչ որոշում կկայացնի»,- ասաց Աշոտ Աշուղյանը:
Նշենք, որ տուժած ընտանիքներից 3-ին 80 հազարական, մյուս 3 ընտանիքներին՝ 20 հազարական դրամ հատկացրել է գյուղապետարանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում 2015թ. դեկտեմբերի 22-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ: Հրշեջներին միայն 5 ժամ անց է հաջողվել մարել կրակը:
6 բնակարան է ամբողջությամբ այրվել:
Նշենք, որ երկու տարի առաջ նույն հասցեում կրկին հրդեհ էր բռնվել, ինչի հետեւանքով երկհարկանի շենքում բնակվող 8 ընտանիք անօթեւան էր մնացել, նրանց ամիսներ անց կառավարության ու բարերարների միջոցով ամիսներ անց բնակարաններ էին հատկացվել։



























