Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ թեկնածուին առաջադրելու է ԱԺ պետաիրավական հարցով մշտական հանձնաժողովը:

Հանձնաժողովի այսօրվա նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ արդեն ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության՝ Մարդու իրավունքների վերաբերող համապատասխան գլուխը, որի համաձայն ՄԻՊ թեկնածու է ներկայացնելու ոչ թե Ազգային ժողովը, այլ՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովը, որը մինչեւ ԱԺ քառօրյա նիստը պետք է ներկայացնի Օմբուդսմենի նոր թեկնածուին:

Բանն այն է, որ ըստ նոր կարգի՝ օմբուդսմենի թեկնածու պետք է ներկայացնի հանձնաժողովի անդամների 1/3-րդը, իսկ քանի որ հանձնաժողովում մեծամասնություն է կազմում իշխող ՀՀԿ-ն, ստացվում է, որ ՄԻՊ թեկնածու ներկայացնելու մենաշնորհը ՀՀԿ-ինն է:

Սա առաջ է բերել Հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Մասնավորապես, Էդմոն Մարուքյանն առաջարկել է կամ 1/3-ը նվազեցնել, որպեսզի մյուս խմբակցությունները եւս թեկնածու առաջարկելու հնարավորություն ունենան, կամ էլ ընդհանրապես այդ իրավունքը պետք է տրվի հանձնաժողովի բոլոր անդամներին:

Հովհաննես Սահակյանն համաձայնել է այս առարկությանը եւ նշել, որ հարցը կքննարկվի. «Իսկապես, քննարկման առարկա կդարձնենք, մեր մոտեցումը դրական է, ու մեկ երրորդի հարցը գուցե վերանայվի: Հավանաբար, շեմը կիջեցնենք 1/5-րդի»: