Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքի տներից մեկում այսօր՝ հունվարի 29-ին, 37-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել կախված վիճակում: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Նոր Գյուղի գյուղապետ Գրիշա Թադեւոսյանը նշեց, որ այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:

Ըստ գյուղապետի՝ գյուղում դեպքի առնչությամբ բազմաթիվ վարկածներ են շահարկվում, այդ թվում, որ Գ.Ա.-ն դեպքին նախորդող գիշերը տուն է եկել դաժան ծեծի ենթարկված եւ կողոպտված:

Գյուղապետը հույս հայտնեց, որ քննիչները կպարզեն դեպքի բոլոր հանգամանքները:

«Օրգանը կպարզի, հիմա բոլորն էստեղ են, թե չէ հազար բան կարող են խոսել»,-ասաց գյուղապետը:

Թադեւոսյանի խոսքով՝ մահացածը ուներ մեկ դուստր, Կաթնաղբյուր գյուղի էլեկտրացանցում որպես հսկիչ էր աշխատում:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ  110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Կատարվում է քննություն: