Կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացիական կոոպերատիվների կայացմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և ոլորտի հետագա զարգացման հեռանկարներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և կարևորելով այդ գործընթացում բոլոր շահագրգիռ մասնակիցների ջանքերի համատեղումը՝ առաջարկել է ներկայացնել «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքից բխող գործնական քայլերի և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ: