Կոալիցիայի համար պաշտոններն ընդամենն ածանցյալ են, առաջնայինը քաղաքական համաձայնություններն են: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ին տրվող հնարավոր պորտֆելների մասին:
«Եթե քաղաքական համաձայնությունը հստակ եղավ, բնականաբար պետք է պատասխնատվություն կրեն, ըստ այդմ որոշակի լծակներ կտրվեն: Այնպես չի, որ «Հանրապետական» կուսակցությունն ասում է՝ էստի համեցեք: Առաջարկություններն ու քննարկումները լինում են համատեղ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինչու իշխող կուսակցությունը որոշեց կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխություններից հետո բավականին լուրջ աշխատանք կա դեռեւս անելու: Հասարակության մեջ այն իրականացնելու համար եւ այդ պատասխանատվությունը կիսում է նաեւ Դաշնակցությունը, քանի որ դեռեւս 90-ականներից խորհրդարանական մոդելի կողմնակից է եղել»:
Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ դեռեւս հայտնի չեն, թե որ պորտֆելներն են տրամադրվելու ՀՅԴ-ին:
Լրագրողների հարցին, թե ինչու առաջարկ չի արվում նաեւ Սահմանադրական փոփոխությունների հարցում իրենց աջակցած մյուս ուժին՝ ԲՀԿ-ին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Խնդիրն այլ է, խորհրդարանական մոդելի հիմնասյունը Դաշնակցությունն է, որը սկզբից պայքարել է դրա համար: Տեսել ենք, որ քաղաքական պայքարը կա եւ գնացել ենք այդ ճանապարհով: Բնականաբար խոսք եւ զրույց լինում է ԲՀԿ-ի հետ, պարզապես մյուս կողմից էլ պետք է լինի արձագանք, որից հետո հնարավոր լինի բանակցել»:




























